Հայաստանյան ռեգիստրարների ամենամյա աշխատաժողովը՝ «Ռեգիտոն»-ն, այս տարի առաջին անգամ անցկացվեց համաժողովի ձևաչափով և միջազգային փորձագետների ներգրավմամբ` հունիսի 21-ին, Երևանում։
«Հզորացնելով .am և .հայ տիրույթները» խորագրով համաժողովը կազմակերպել էր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ որպես .am և .հայ դոմենների կառավարիչ, «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ի հետ համագործակցությամբ և «Ինտերնետ հանրություն հիմնադրամի» աջակցությամբ։
«Միջազգային և հայաստանյան մեր գործընկերների օգնությամբ ներկայացնում ենք ոլորտի նորարարությունները։ Նպատակը, իհարկե, ինչպես .am-ի և .հայ-ի, այնպես էլ ընդհանրապես դոմենային ինդուստրիայի զարգացումն է», — նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։
«Ռեգիտոն-2025»-ը մեկտեղեց պետական, մասնավոր և հասարակական կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղացի ու միջազգային փորձագետների։ Թեմատիկ քննարկումներում մասնակիցները վերլուծեցին ոլորտի արդիական խնդիրները։
Կիբեռանվտանգության մասին օրենքի նախագծի հնարավոր ազդեցության մասին խոսելիս՝ ընդգծեցին, որ օրենքի ընդունումն այսօր կարևոր է, սակայն պետք է պատրաստ լինել հետագայում այն լրամշակելու։ Ընդունվելիք օրենքը չպետք է դառնա սահմանափակումների գործիք, ինչում համակարծիք էին բոլոր մասնակիցները։
Համաժողովի հատուկ հյուր «Clean DNS» ընկերության գործադիր տնօրեն Քրիս Լյուիս-Էվանսը դոմենայի չարաշահումների թեմայով աշխատաժողով անցկացրեց։ «.am տիրույթն ապահով է»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այն այդպիսին պահելու համար անհրաժեշտ է չարաշահումների կանխարգելիչ մեխանիզմ մշակել։ Նա ներկայացրեց նման մեխանիզմների կիրառման միջազգային փորձի լավագույն օրինակներ։
.am տիրույթի ռեգիստրար կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին նաև հայկական դոմենը Web3 և բլոկչեյն հնարավոր ինտեգրման մասին։ Սա, ըստ Web 3 փորձագետ, ArmeniaDomains հիմնադիր Նիք Սերվանտեսի, կարող է մեծ խթան լինել ֆինանսական թվայնացման, մշակութային արժեքների պաշտպանության հետ կապված հարցերի և նորարարական տարբեր ծառայությունների զարգացման համար։
Դոմենային տիրույթների ոլորտում մտավոր սեփականության պաշտպանության հարցերում կարևորվեց արբիտրաժային լուծումների կիրառման հնարավորությունը։ Դա, ըստ մասնակիցների, կարող է շատ դեպքերում փոխարինել դատական երկար գործընթացներին և օգնել համաձայնությունների կայացմանն օրենսդրական բացերի պայմաններում։