.am-ում եւ .հայ-ում կիբերանվտանգության ապահովման հարցերի շրջանակում «Ռեգիտոն2024»-ում ռեգիստրարներին իրենց ներկա գործունեությունն են ներկայացրել հայաստանյան Համակարգչային միջադեպերի արձագանքման թիմերը (Computer Emergency Response Team, CERT)։
«ISOC-ը, հասկանալով այս թիմերի կարեւորությունը, 2009-ին ստեղծեց առաջին CERT-երից մեկը, որը համագործակցում էր Հայաստանի գիտակրթական ցանցի նմանատիպ կենտրոնի հետ։ Այսօր արդեն Հայաստանում ունենք նման թիմեր, որոնք կիբերանվտանգության ապահովման ընդգրկման աշխատանք են իրականացնում»,- նշեց ԻՀ ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը՝ ներկայացնելով CERT-երի համագործակցության կարեւորությունը։
CERT-երը պարբերաբար մշտադիտարկում են հայկական տիրույթներում գործող կայքերը եւ հնարավոր վտանգների մասին տեղեկացնում շահագործողներին։ Խնդիրն այստեղ այդ զգուշացումներին ժամանակին եւ պատշաճ արձագանքելն է, ուղիղ համագործակցությունը, որն էապես կազդի կիբերանվտանգության մակարդակի բարձրացման վրա։