ԻՏԿ

Search
Close this search box.

.հայ դոմենի զարգացման հնարավորությունները՝ Ռեգիտոն-2023-ում

Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնն այս տարի եւս կազմակերպել է ռեգիստրի՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի եւ ռեգիստրարների ամենամյա աշխատանքային հանդիպումը՝ «Ռեգիտոն 2023»-ը։

Հուլիսի 1-ին կայացած հանդիպմանը .am եւ .հայ դոմենների կառավարիչ կազմակերպության եւ ռեգիստրարների քննարկման նյութը աշխատանքային քայլերն էին՝ տեխնիկական, իրավական, գործառնական ուղղություններում։

Այս հանդիպման առանցքային թեմաներից մեկը .հայ դոմենի զարգացման հնարավորություններն էին, որոնք ներկայացնելիս ԻՀ ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը նշել է, որ ազգային դոմենի տարածումը ստրատեգիական նշանակություն ունի երկրի համար։

Հենց այդ նպատակով, ի դեմս «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի, Հայաստանը միացել է «Համընդհանուր ընդունում» համաշխարհային շարժմանը։ Ու ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ ակտիվ քայլեր են ձեռնարկվում .հայ դոմենի կիրառման հնարավորություններն ընդլայնելու նպատակով։

Ներկայացվել են նաեւ հայատառ էլեկտրոնային փոստի գրանցման եւ գործարկման ուղղությամբ արված աշխատնքի այս պահի արդյունքները։ Առաջին փորձարկումները դրական են, իսկ աշխարհի մակարդակում հայատառ էլ-փոստի եւ ընդհանրապես, հայատառ տեղեկատվության ճանաչումն ու ընդունումը ժամանակի խնդիր է։

Այս գործընթացին ընդառաջ մենք պետք է հանրությանը բացատրենք ազգային հայատառ դոմենի զարգացման կարեւորությունը, տեխնիկապես պատրաստենք բոլոր համակարգերը։

Համատեղ աշխատանքի շրջանակներն ընդլայնելու նպատակով ռեգիստրարներին առաջարկվել է մեկտեղել ջանքերը հանրային իրազեկման գործում, համատեղ արշավներ կազմակերպել։ Քննարկվել են նաեւ դոմենների գրանցման, ռեգիստրարների առցանց հարթակների զարգացման հարցեր, ինչպես նաեւ ԻՏԿ միջազգային համագործակցության ծրագրերը։